суббота, 7 марта 2015 г.

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՌՈՏ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1897թ. մարտի 13. Կարս քաղաքում, գորգավաճառ Աբգար Սողոմոնյանի ընտանիքում ծնվում է Եղիշե Սողոմոնյանը` Եղիշե Չարենցը:
1907-1912թթ. սկզբնական կրթությունն ստանում է Կարսում` Հակոբ Ջամբազյանի մասնավոր հայկական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակում է Կարսի ռուսական ռեալական ուսումնարանում:
1912թ. Թիֆլիսում հրատարակվող ՙՊատանի՚ ալմանախում տպագրվում է ՙԾաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին՚ բանաստեղծությունը:
1914թ. Կարսում Ե.Չարենց գրական անունով տպագրվում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն` ՙԵրեք երգ տխրադալուկ աղջկան՚ խորագրով:
1915թ. Թիֆլիսում տպագրվում է ՙԿապուտաչյա հայրենիք՚ պոեմը:
1915թ. Մեծ եղեռնի օրերին կամավորական ջոկատների շարքում մասնակցում է Արևմտյան Հայաստանի ազատագրական պայքարին:
1915-1916թթ. Թիֆլիսում և Մոսկվայում տպագրվում են ՙԴանթեական առասպել՚ պոեմը, ՙՏեսիլաժամեր՚ և ՙՀրո երկիր՚ շարքերը:
1915-1917թթ. ավարտում է ՙԼիրիկական բալլադներ՚ շարքը:
1916-1917թթ. սովորում է Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում:
1917թ. Մոսկվայում տպագրվում է ՙԾիածանը՚ բանաստեղծությունների ժողովածուն, ՙՎահագն՚ և ՙԱթիլլա՚ պոեմները:
1918-1919թթ. Թիֆլիսում տպագրվում է ՙՍոմա՚ և ՙԱմբոխները խելագարված՚ պոեմները:
1918-1920թթ. Երևան-Մոսկվա. ավարտում է ՙՈղջակիզվող կրակ՚ շարքը:
1919թ. Երևանի պառլամենտի դահլիճում Հայաստանի Առաջին Հանրապետության լուսավորության նախարար, գրաքննադատ Նիկոլ Աղբալյանը զեկուցում է Չարենցի մասին` ՙՄի նոր բանաստեղծ՚ խորագրով:
1919-1920
թթ. Չարենցը հաստատվում է Երևանում: Նա արդեն ճանաչված բանաստեղծ էր:
1920թ. Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո նշանակվում է Լուսժողկոմատում արվեստի բաժնի վարիչ:
1920թ. ավարտում է ՙՓողոցային պչրուհուն՚ շարքը:

1920-1921թթ. գրում է ՙԷմալե պրոֆիլը Ձեր՚ և ՙՏաղարան՚ շարքերը:
1921-1922թթ. ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի (Արփենիկ Չարենց) հետ, մեկնում են Մոսկվա` ուսանելու: Սովորում է Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում, Վ.Բրյուսովի
ղեկավարած Գրականության ինստիտուտում:
1921թ. գրում է ՙՈւթնյակներ արևին՚ տրիոլետների շարքը:
1922թ. Մոսկվայում տպագրվում է ՙԵրկերի ժողովածու՚ երկհատորյակը (պետական առաջին հրատարակություն):
1923թ. Մարտիրոս Սարյանը ստեղծում է ՙԲանաստեղծ Եղիշե Չարենցի դիմանկարը՚ նշանավոր կտավը: 1924թ. ցուցադրվում է Վենետիկյան 14-րդ միջազգային ցուցահանդեսում (բիենալե):
1923-1937թթ. կատարում է բազմաթիվ թարգմանություններ ռուս դասականներից, ինչպես նաև արևմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններից:
1924-1925թթ. մեկնում է արտասահման` Թուրքիա, Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա:
1925թ. Գ.Մահարու, Մ.Արմենի և ուրիշների կողմից Գյումրիում ստեղծվում է ՙՀոկտեմբեր՚ՙՆոյեմբեր՚ գրական միությունը, որի պատվավոր նախագահ է ընտրվում Ե.Չարենցը:
1926
թ. տպագրվում է ՙԵրկիր Նաիրի՚ վեպը:
1926թ. սեպտեմբերի 5. դատապարտվում է ազատազրկման և հայտնվում Երևանի Ուղղիչ Տանը:
1927թ. հունվարի 1. վախճանվում է բանաստեղծի կինը` Արփենիկ Տեր-Աստվածատրյանը:
1927թ. Թիֆլիսում տպագրվում է ՙՀիշողություններ Երևանի Ուղղիչ Տնից՚ երկրորդ արձակ ստեղծագործությունը:
1929թ. տպագրվում է ՙԽմբապետ Շավարշը՚ պոեմը:
1928-1935թթ. Չարենցը Հայպետհրատի գեղարվեստական գրականության բաժնի վարիչ:
1930թ. տպագրվում է ՙԷպիքական լուսաբաց՚ ժողովածուն:
1931թ. ամուսնանում է Իզաբելլա Նիազյան-Կոդաբաշյանի հետ (Իզաբելլա Չարենց):
1932թ. ծնվում է ավագ դուստրը` Արփենիկ:
1932թ. բանաստեղծի գրական գործունեության 20-ամյակի առթիվ հրատարակվում է ՙԵրկեր՚-ը:
1933-1934թթ. ՙԳիրք ճանապարհի՚. Չարենցի վերջին մատյանը: 1933թ. արգելվում է գրքի պատրաստի տպաքանակը և վերահրատակվում փոփոխություններով 1934թ. (այն լիարժեք տպագրվում է Չարենցի
ծննդյան 100-ամյակի առթիվ` Հրանտ Մաթևոսյանի առաջաբանով, 1997թ.):
1934թ. օգոստոսի 29, Մոսկվա. Չարենցի զեկուցումը Խորհրդային գրողների համամիութենական առաջին համագումարում:
1935թ. ծնվում է բանաստեղծի կրտսեր դուստրը` Անահիտ:
1936
թ. Չարենցը ենթարկվում է տնային կալանքի:
1936թ. մայիսի 28. Կոմիտասի աճյունը Փարիզից տեղափոխվում է Երևան և ամփոփվում
հետագայում Կոմիտասի անունը կրող այգու պանթեոնում:
1937թ. հուլիս 27. Չարենցը ձերբակալվում է:
1937թ. նոյեմբեր 23. ձերբակալվում է բանաստեղծի կինը:
1937թ. նոյեմբերի 27. Չարենցը վախճանվում է Երևանի բանտի հիվանդանոցում:

Գերեզմանի տեղը հայտնի չէ:

Комментариев нет:

Отправить комментарий