среда, 25 февраля 2015 г.

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՓՈՒԼԵՐԸ

 Թումանյանի ստեղծագործական կյանքը սկսվեց 1881 թ. «Հոգուս հատոր…» գողտրիկ բանաստեղծությամբ և ավարտվեց  «Էս է, որ կա… ճիշտ ես ասում, թասըդ բե´ր» փայլուն քառյակով` նվիրված բժիշկ Գրիգոր Սաղյանին: Այս երկու ստեղծագործությունների միջև ընկած ժամանակահատվածում ձևավորվել է Թումանյանի աշխարհը` անցնելով հասունացման, զարգացման, գաղափարական և հուզական սահմանների հաստատման ուղի: Եղել են և տաղանդի դրսևորման փայլուն թռիչքներ, և ստեղծագործական աշխատանքի դադարի պահեր, բայց երբեք կանգ չի առել մտքի ու հոգու ներքին շարժումը, կյանքի իմաստի որոնումը, ինչը և պայմանավորում է բանաստեղծի ստեղծագործական ուղու միասնական լինելը: Եվ իհարկե, այդ աշխարհի ձևավորումը պայմանավորված էր անձնական և հասարակական կյանքի մի շարք գործոններով:  Բաժանելով այդ ուղին փուլերի` կարելի է բացահայտել դրա զարգացման տրամաբանությունը: Անվանի գրականագետ Էդ. Ջրբաշյանը իր «Թումանյան. Ստեղծագործության պրոբլեմներ» ուսումնասիրության մեջ  Թումանյանի գրական ուղին բաժանել է վեց շրջանի ըստ թվականների. ա/1881-1886 , բ/1887-1892 , գ/1893-1900, դ/1901-1905, ե/1906-1914, զ/1915-1922:  Հիմնվելով այդ տեսակետին`համառոտ ներկայացնենք բանաստեղծի ստեղծագործական կյանքը  փուլ առ փուլ:


1881-1886 թթ.
Այս շրջանը ընդգրկում է բանաստեղծի ուսումնառության տարիները նախ Ջալալօղլում, ապա Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Բացառելով «Հոգուս հատորի» անմիջական տողերը` նշենք որ այդ ժամանակահատվածում գրված մեզ հասած սակավաթիվ բանաստեղծությունները կրում են  նախորդ հեղինակների թե մտքի, թե արտահայտման ձևերի ազդեցության կնիքը: Ա. Ինճիկյանի խոսքերով դա «առավելապես կենսափորձի հարստացման, տպավորությունների կուտակման, զգացած-ապրածի իմաստավորման, որոնումների շրջան» էր: Պահպանվել են Ջալալօղլում գրված «Օրորք», «Հայ վաճառական», «Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ…» և Ներսիսյան դպրոցում ուսանելու տարիներին  ստեղծված «Նահապետի ողբը», «Ինչո՞ւ ես տըխուր…»,«Թող փչե քամին» երգի եղանակով», «Մարշ», «Մի խրատ տաճկահայաստանցուն» սևագիր բանաստեղծությունները, որոնք հանդիսանում են  ավանդական պոետիկայի անմիջական ազդեցության արտացոլում: Բայց դրանց հետ միաժամանակ գրվել են նաև «Շունն ու Կատուն» և «Անբախտ վաճառականները» : Թումանյանը հետագայում գրել է. « Մի ժամանակ (1885-1887) էդ տեսակ բաներ, ժողովըրդական առակներ ու լեգենդներ շատ էի գրում բարբառով ու շատ էլ ունեի, բայց, որովհետև չէի պահում, դես դեն կորան, նրանցից մնացին «Շունն ու Կատուն» և «Անբախտ վաճառականները»: Այս ստեղծագործություններում արդեն ի հայտ է գալիս նրա հետաքրքրությունը ժողովրդական բանահյուսությանժողովրդական կենդանի լեզվի հանդեպ, ինչը հետագայում դարձավ Թումանյանի ստեղծագործության հիմնական հատկանիշներից մեկը: Իհարկե, մինչ հրապարակումը այդ բալլադները ենթարկվել են մի շարք փոփոխությունների` կատարելության հասցնելով դրանք, բայց «թումանյանական որակն ստեղծվել է հենց սկզբից» (Լ.Հախվերդյան):

1887-1892 թթ.
Սա հասարակության առջև հանդես գալու և ճանաչման շրջանն էԱռաջին հրապարակումներըՆոր-Դար» լրագրում) անստորագիր էին. «Գրասեր պատանին, ըստ երևույթին, դեռ վստահ չէր իր ստեղծագործական ուժերի և կոչման նկատմամբ, ուստի և վախենում էր բացահայտորեն հանդես գալ հասարակության առջև»(Էդ. Ջրբաշյան): Բայց շուտով նա` լսելով ընկերներին , հասարակության դատին է հանձնում իր ստեղծագործությունների առաջին ժողովածուն: 1890 թ. Մոսկվայում տպագրվում է Թումանյանի  «Բանաստեղծությունների» առաջին հատորը, իսկ 1892 թ. լույս է տեսնում նաև երկրորդը. մի շարք քնարական բանաստեղծություններ, վեց պոեմԼոռեցի Սաքոն», «Մեհրի», «Ալեք», «Մերժած օրենք», «Անուշ», «Մարոն»), երեք բալլադԱրև և Լուսին», «Շունն ու Կատուն», «Ախթամար»),  թարգմանություններ: Թումանյանի բանաստեղծությունները սկսում են տպվել նաև պարբերական մամուլում. նախ «Մուրճում», ապա «Տարազ» և «Հորիզոն» գրական հանդեսներում: Այս շրջանը նշանավորված է ստեղծագործական որոնումներով, ազդեցությունների հաղթահարմամբ, ինքնուրույն ոճի և ձևի հստակեցմամբ: Թեև ինքը բանաստեղծը` գնահատելով իր առաջին գրքի երկերը, ասում է, որ դրանք «անմշակ են և սկզբնական ձևի մեջ», սակայն նրանց մեջ երևում են հասուն Թումանյանի մտքերի, խոհերի, պատկերների, ստեղծագործական ձևերի նախնական արտահայտությունները: Իսկ մի շարք բանաստեղծություններ այնպիսի թարմ շունչ բերեցին, որ երիտասարդ գրողը մեկընդմիշտ հաստատվեց հայ գրականության մեջ` արժանանալով ժամանակի քննադատության և ընթերցողների դրվատական գնահատականներին:
  
1893-1900 թթ.
ընդգրկում են երրորդ շրջանը, որ պայմանականորեն կարելի է անվանել  «նախապատրաստական»` հաջորդ փուլում կայացած ստեղծագործական մեծ թռիչքից առաջ: Եթե դատենք տպագրված նյութերի քանակով, ապա այս շրջանը հարուստ չէ. «Դաշնակներ» փոքրիկ ժողովածուն (1893 և 1896 թ.թ.), «Աղբյուր» ամսագրի մատենաշարի գրքույկը, «Լոռեցի Սաքոյի» վերամշակված տարբերակը, թարգմանություններ Բայրոնից և Լերմոնտովից, հրապարակումներ պարբերական մամուլում` մոսկովյան ժողովածուի խոստումնալից մուտքից հետո, այնքան էլ առատ չէ: Բայց այս թվացյալ դադարը իրականում լարված որոնումների և աշխատանքի շրջան էր, ինչի  արդյունքն եղավ ստեղծագործական այն զարգացումը, որն ի հայտ եկավ դարասկզբի նվաճումներում: Նա շարունակել է աշխատել մի շարք պոեմների վրա, գրել է բալլադներԱնիծած հարսը», «Պողոս-Պետրոս», «Արծիվն ու Կաղնին»), ստեղծում է գեղարվեստական արձակի փայլուն նմուշներԳիքորը», «Աղքատի պատիվը», «Քաջերի կյանքից», «Արջաորս»  և ուրիշ պատմվածքներ, «Անխելք մարդը» հեքիաթը), հանդես է գալիս որպես հրապարակախոսԲորչալվում»), տպագրում է իր առաջին գրական-քննադատական հոդվածներն ու ելույթները: 90-ական թվականներին են վերաբերում Թումանյանի դրամատուրգիական փորձերնորոնք, անշուշտ, մեծ աշխատանք էին պահանջում, բայց և այնպես այդպես էլ չավարտվեցին և չտպագրվեցին: 1895 թվականից նա սկսում է նյութեր հավաքել իր ստեղծագործական ամենամեծ երազանքը իրականացնելու նպատակովՀազարան բլբուլ» հեքիաթ-պոեմի համար:

1901-1905 թթ.
Այս կարճատև ժամանակաշրջանը Թումանյանի ստեղծագործական կյանքի բարձրակետն է:
Լ. Հախվերդյանը գրում է. «Թե ով էր Թումանյանը` երևաց 1903-ին, երբ լույս տեսավ նրա «Բանաստեղծություններ» գիրքը բովանդակությամբ ամենահարուստ, արվեստով ամենաբարձր, հրատարակությամբ ամենաշքեղ գիրքը, որ երբևէ տպագրվել է հեղինակի կենդանության օրոք: Բյուրեղացումն այն ամենի, ինչ ստեղծել էր Թումանյանը 1882-ից ի վեր»: Բարեկամների շնորհիվ Թումանյանը հնարավորություն ստացավ հանգստանալու, բուժվելու և աշխատելու Աբասթումանում և ուրիշ ամառանոցային վայրերում: Այդ լարված և ոգեշունչ աշխատանքի արդյունքն էին վերամշակված և կատարելության հասցրած «Անուշը», «Լոռեցի Սաքոյի» երրորդ և «Մարոյի» երկրորդ տարբերակները, «Պոետն ու Մուսան»,«Դեպի Անհունը» , «Սասունցի Դավիթը», «Թմկաբերդի առումը», «Փարվանան», քնարերգության մի շարք փայլուն նմուշներ, որ զետեղվեցին վերը նշված 1903 թ. ժողովածուի մեջ` հրատարակված իշխանուհի Մարիամ Թումանյանի կողմից: Թումանյանը հասակով մեկ կանգնեց հայ գրականության մեջ իր ստեղծագործությանը բնորոշ բոլոր կողմերով. ազգային և համամարդկային, արդիական և հավերժական, դրամատիզմով հագեցած և երգիծական: Կատարելության հասցրեց իր ոճը` պարզ, սեղմ և փիլիսոփայական խորությամբ հագեցված, հյութեղ և հարուստ լեզվով: Այս շրջանում ձեռք բերված նվաճումներով են պայմանավորված Թումանյանի ստեղծագործական կյանքի հետագա փուլերը:

1906-1914 թթ.
«Այս շրջանի ժամանակագրական սահմանները որոշվում են ոչ այնքան ստեղծագործական, որքան հասարակական-քաղաքական իրողություններովառաջին ռուսական հեղափոխությունից մինչև համաշխարհային պատերազմի սկիզբը» (Էդ. Ջրբաշյան): Թումանյանի հասարական ճանաչման հաստատման նոր նվաճումը եղավ  1908 թ. Բաքվում տպագրված «Բանաստեղծություններ» ժողովածուն: Բացի դրանից, այս շրջանում բանաստեղծը հանդես եկավ իր մանկական ստեղծագործություններով, որոնք տպագրվեցին «Հասկեր» մանկական հանդեսում, «Լուսաբեր» դասագրքում  և իշխանուհի Մարիամ Թումանյանի հրատարակած « Հովհ. Թումանյանի մանկական գրադարանը» մատենաշարի գրքույկներում: Թումանյան-մանկագիրը մեկընդմիշտ մտավ յուրաքանչյուր հայ երեխայի հոգու մեջ` դեռ թոթովախոս հասակից: Ուսումնասիրելով Թումանյանի գրական ուղին այդ շրջանում` նկատում ենք քնարական ստեղծագործությունների նվազումը` մոտ երկու տասնյակ բանաստեղծություն, որոնց թվում են թումանյանական քնարի փայլատակումներ. «Վայրէջք», «Ծագումն», «Գարնան հրավեր», «Տաղով եկավ…», «Թեպետև և բախտը մեզ շատ հարվածեց» և այլն: Բացի դրանից, Թումանյանն այս շրջանում հանդես չեկավ իր սիրված ժանրով`պոեմով: Նա գնաց ժողովրդական ավանդությունների և գրական աղբյուրների մշակման և նոր իմաստավորման ճանապարհով, ստեղծելով այդ ժանրի իսկական գոհարներ. «Մի կաթիլ մեղրը», «Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Հսկան», «Էսպես չի մնա» և այլն: Այդ տարիներին Թումանյանի ստեղծագործության մեջ գերակշռում է գեղարվեստական արձակը: Ձևավորելով իր սեղմ և հստակ ոճը` նա կատարելության է հասնում թե պատմվածքներում, թե իր հեքիաթներում, թե այլ ժողովրդների հեքիաթների թարգմանություններում: Թվենք մի քանիսը. «Գիքորի» և «Արջաորսի» վերամշակված տարբերակները,  «Իմ ընկեր Նեսոն», «Քեռի Խեչանը», «Եղջերուն» և ուրիշ պատմվածքներ; «Քաջ Նազարը», «Տերն ու Ծառան», «Կիկոսի մահը», «Սուտասանը», «Բարեկենդանը», «Կացին ախպերը», «Սուտլիկ որսկանը» և այլն: Այս շրջանում է  Թումանյանը գրել նաև իր հրապարակախոսական և քննադատական հոդվածների մեծ մասը, որոնք տպագրվում էին 1909 թ-ից հրատարակվող «Հորիզոն» լրագրում: Իր ելույթներում Թումանյանը արձագանքել է հասարակության առջև ծառացած գրեթե բոլոր խնդիրներին` դիպուկ և խորութափանց մեկնաբանելով դրանք: Գրականության, թատրոնի, բանահյուսության, պատմության, գիտության վերաբերյալ նրա դատողությունները այսօր էլ արդիական են:Ամփոփելով այս փուլի ուսումնասիրությունը` կարող ենք հավաստել, որ Թումանյանը  դարասկզբի հայ իրականության կենտրոնական և հեղինակավոր դեմքերից մեկն էր:

1915-1922 թ.թ.
Թումանյանի կյանքի և ստեղծագործության վերջին շրջանն է: Այդ տարիներին բանաստեղծի կյանքը առավել քան երբևէ սերտորեն կապված էր իր ժողովրդի պատմական ճակատագրի հետ: Առաջին հանաշխարհային պատերազմը, Մեծ եղեռնը, հեղափոխությունը, այդ տարիների նրա անձնուրաց բուռն հասարակական գործունեությունը, իր անձնական ողբերգությունըորդու` Արտավազդի և երկու եղբայրների մահը, անցան բանաստեղծի սրտի միջով և արտացոլվեցին նրա ստեղծագործության մեջ: Իր մտորումները հայ ժողովրդին բաժին հասած դաժան փորձությունների, նրա պատմական անցյալի, ներկայի, իր հավատը նրա  լուսավոր ապագայի վերաբերյալ Թումանյանը կիսեց ընթերցողների հետ մի շարք հրապարակախոսական հոդվածներում և ելույթներում. «Վան և Երևան»…   Նշված ժամանակահատվածում չափածո և արձակ էպիկական տեսակները պակասում են` զիջելով քնարերգությանը: 1916 թ. լույս տեսավ «Հայրենիքիս հետ» ժողովածուն, որտեղ զետեղվեցին ինչպես նախորդ տարիներին գրված, այնպես էլ նոր բանաստեղծություններ` հայրենասիրական քնարերգության անկրկնելի էջերՄեր ուխտը», «Հայոց լեռներում», «Տրտմության սաղմոսներից», «Հայրենիքիս հետ», «Վերջին օրը», «Հոգեհանգիստ»: Նշենք նաև հոգում պարփակվածը, կյանքի ու մարդու մասին խոհերը բացահայտող «Բարձրից»-ը, «Պատրանքը», «Տիեզերքի ընթերցումը», «Սիրիուսի հրաժեշտը», և իհարկե, բանաստեղծի «հոգու կենսագրությունը» ամփոփող քառյակներընրա ողջ գրական կյանքի զարգացման փառահեղ պսակը: 1916-1922 թթ. Թումանյանը գրեց հիսունից ավելի քառյակ: 1920  թվականին  հրատարակվեց իր կողմից կազմված քառյակների ժողովածուն, որում ընդգրկվեց երեսուն քառյակ: 1922 թ. Պոլսում հրատարակված «Բանաստեղծություններ» ժողովածուն դարձավ Թումանյանի վերջին գիրքը:
Թումանյանի ստեղծագործական ուղին տարբեր փուլերում  զարգացել է յուրովի` սերտորեն կապված լինելով նրա կյանքի և հայ ժողովրդի պատմական ճակատագրի հետ: Բանաստեղծի խառնվածքը , նրա ներաշխարհը հաղորդել են այդ շարժմանը հակասություններով լի որոնումներ, թռիչքների և անկումների պահեր, բայց և այնպես այդ ուղին եղել է միասնական, քանի որ  քայլ առ քայլ մոտեցրել է նրան գեղարվեստական կատարելության և հոգու իմաստության հավերժ ու անմահ բարձունքին

Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից,
 Էն մեծ խոհերի անհուն խորերից`
Կամեցավ` ելավ իմ հըզոր հոգին,
 Որ բարձրից նայի աստծու աշխարհքին:

Ու պայծառ ցոյաց դեպ վերին այեր`
Մարդկային ամեն հընարքներից վեր,
 Վե՜ր ամեն շուքից և շամանդաղից`
Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ:

Ու իր հարազատ բարձունքիցը լույս`
 Անչար, անաչառ, անդորր ու անհույզ`
Պարզ, ամենատես հայացքովը նա
Ճառագեց ներքև` աշխարհքի վըրա:

Բարձրից»)

Комментариев нет:

Отправить комментарий