суббота, 7 марта 2015 г.

Եղիշե Չարենց - Հեռացումի խոսքեր

Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի - բայց երգս կա, կապրի դեռ:
Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:
Երգերիս մեջ - դու գիտե՞ս - ինձ ոչ ոք չի ճանաչում՝
Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս:
Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.

Արփենիկ Չարենց "Հուշեր Հայրիկիս մասին"

Ես հայրիկին տեսել եմ մինչև հինգ տարեկան հասակս: Ուստի այն, ինչ պատմելու եմ, չափազանց հեռու է համակարգված հուշագրություն լինելուց:

ԵՍ ԾՆՎԵՑԻ
Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ճյուղից: Ոչ մի երկմտանք` Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր` Աստվածիկ:

ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ
Երկար ու լայն միջանցք ուներ մեր բնակարանը, բարձր առաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով: Լույսն ու արևը հորդում էին մեր բնակարանում:
Հատակին` պարսկական գորգ, պատերին` ճապոնական պաննոներ: Մեզ հյուր եկած մարդիկ միշտ քո աշխատանոցում էին հավաքվում և ոչ ընդունարանում: Երբ բացում էի աշխատանոցիդ դուռը` անասելի ծուխ էր լինում սենյակում` ծխախոտի ծուխ: Մերթ ընդ մերթ բացվում էր դուռը և լսվում ձայնդ, կրծքային խզված ձայնդ` Իզաբելլա (որևէ խնդրով կանչում էիր մորս): Այդ ձայնը մինչև օրս հնչում է ականջիս:

«Մահվան տեսիլ» կինոդրաման` Եղիշե Չարենցի մասին

«Մահվան տեսիլ» պոեմում Չարենցը պատկերել է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ուղին: Պոեմը գրվել է 1933 թ. և ներառված է « Գիրք ճանապարհի » ժողովածուում: Իր բնույթով պոեմը խորհրդածական երկ է:
Իզաբելլա Չարենցի հուշերի հիմա վրա նկարահանված ֆիլմը ներկայացնում է Ստալինյան ռեժիմի անմարդկային դեմքն ու Չարենցի կյանքի անձնական ողբերգությունըՄահվան տեսիլ» գեղարվեստական դրաման, որտեղ ամփոփված են Մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի կյանքի ողբերգական դրվագները՝ Երեւանի բանտում անցկացրած վերջին օրերն ու  դաժան հարցաքննությունները։
Եղիշե Չարենցը ստալինյան տեռորի ամենանշանավոր զոհերից էր, որ տվեցին հայ մշակույթն ու գրականությունը։ Դատապարտվեց ոչ միայն գրողը, այլև նրա ընտանիքը: Կինը՝ Իզաբելլան, բանտարկվեց եւ աքսորվեց, մանկահասակ դուստրերը որբացան: Հանճարեղ բանաստեղծի կյանքի այն ժամանակահատվածը, որ երբեք հայ կինոյում չի ներկայացվել: Բանաստեղծի մահվանից 75 տարի անց՝ առաջին անգամ հեռուստաէկրանին:




Մեր օրերի համար եզակի կարևորություն ունեցող ֆիլմ`մեր պատմության մոռացված էջերից մի պատառիկ: Երախտագիտության խոսքերս ստեղծագործական ողջ անձնակազմին` տաղանդավոր բանաստեղծ Եղիշե Չարենցին հիշատակին հարգանք ու սեր նվիրելու համար! Կեցցեք!

Կարդացե՛ք Չարենց

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՌՈՏ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1897թ. մարտի 13. Կարս քաղաքում, գորգավաճառ Աբգար Սողոմոնյանի ընտանիքում ծնվում է Եղիշե Սողոմոնյանը` Եղիշե Չարենցը:
1907-1912թթ. սկզբնական կրթությունն ստանում է Կարսում` Հակոբ Ջամբազյանի մասնավոր հայկական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակում է Կարսի ռուսական ռեալական ուսումնարանում:
1912թ. Թիֆլիսում հրատարակվող ՙՊատանի՚ ալմանախում տպագրվում է ՙԾաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին՚ բանաստեղծությունը:
1914թ. Կարսում Ե.Չարենց գրական անունով տպագրվում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն` ՙԵրեք երգ տխրադալուկ աղջկան՚ խորագրով:
1915թ. Թիֆլիսում տպագրվում է ՙԿապուտաչյա հայրենիք՚ պոեմը:
1915թ. Մեծ եղեռնի օրերին կամավորական ջոկատների շարքում մասնակցում է Արևմտյան Հայաստանի ազատագրական պայքարին:
1915-1916թթ. Թիֆլիսում և Մոսկվայում տպագրվում են ՙԴանթեական առասպել՚ պոեմը, ՙՏեսիլաժամեր՚ և ՙՀրո երկիր՚ շարքերը:
1915-1917թթ. ավարտում է ՙԼիրիկական բալլադներ՚ շարքը:
1916-1917թթ. սովորում է Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում:

Չարենցի տուն-թանգարանը համայն հայության ամենանվիրական վայրերից է:

ՀՀ մայրաքաղաք Երևանի կենտրոնում, Մաշտոցի պողոտա թիվ 17 հասցեում է գտնվում Ե.Չարենցի տուն-թանգարանը, որը սրբավայր է դարձել յուրաքանչյուր հայի համար մի պարզ բացատրությամբ. այդ տանը 1935-1937թթ ապրել է 20-րդ դարի հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցը: Չարենցյան ստուգատեսին ընդառաջ ես այցելեցի Եղիշե Չարենցի տուն-թանգարան:
Ե.Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Թանգարանում պահում-պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ` անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, նյութեր կապված Չարենց մարդու, քաղաքացու, Մեծ բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ: