понедельник, 3 ноября 2014 г.

Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյանը համաշխարհային գրականության ականավոր 
ներկայացուցիչներից է: Նա պատմվածքի ժանրը հարստացրել է 
սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկայինի, 
բարոյականության մասին թարմ ասելիքով, պատումի նոր ձևերով: 
Գրել է անգլերեն:

Գրող: 
Համարվում է XX դարի ամերիկյան արձակի հինգ մեծերից` Ֆոլքների, Հեմինգուեյի, Սթայնբեքի և Քոլդուելի հետ միասին: 
Ծնվ. 31.08.1908թ., Ֆրեզնո (ԱՍՆ): 
Մահ. 16(18). 05.1981թ., Ֆրեզնո, աճյունի մի մասը, կտակի համաձայն, թաղված է Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում: 
Ստեղծագործել է անգլերեն: 

Ծնվել է Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: 

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ գրողի ձևավորման մեջ մեծ դեր են խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը: 

Առաջին անգամ տպագրվել է 1933-ին՝ Բոստոնի «Հայրենիք» անգլալեզու շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: 

Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) ժողովածույով, որը նշանակալի երևույթ է դարձել ամերիկյան գրականության մեջ: 

Գրական կյանքի առաջին տասնամյակում ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնք ամփոփվել են «Փոքրիկ երեխաներ» (1937), «Ողջույն քեզ սեր» (1938), «Անունս Արամ է» (1940), «Սիրելիս» (1944), «Ասորին» (1949) և այլ ժողովածուներում: 

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրերում ներմուծել է տեղի ու ժամանակի հետ սերտորեն կապված սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, բնականությամբ, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, պատկերների ու կերպարների գունագեղություն: 

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար աշխարհում»: 

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը ճշմարտացիորեն ստեղծել է հասարակ մարդկանց առօրյա կյանքի դրվագներ՝ դրանք հասցնելով գեղարվեստական մեծ արտահայտչականության և ընդհանրացումների: Նրա շատ գրական կերպարներ հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ իր ազգային ավանդույթներով ու բարքերով, «հին հայրենիքի» մասին հիշողությամբ: 
«Հին հայրենիքի» մոտիվը, ինչպես նաև նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Իրականության հետ նույնպիսի հարաբերության մեջ են ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆի «տարօրինակ» ու ձախողակ մարդկանց, հատկապես մանուկների ու պատանիների կերպարները: Դրանք համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության խորհրդանիշեր, որպես գրողի մարդասիրական աշխարհազգացողության արտահայտիչներ: Իրականության ու երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության ու հոգևոր գեղեցկության, սիրո ու բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆի վիպակներում, պատմվածքներում ու վեպերում, դրանք հետաքրքիր գեղարվեստական լուծում են ստացել նաև նրա դրամաներում. 
«Իմ սիրտը լեռներում է» (բեմ.՝ 1939, հայ. բեմ.՝ 1961, կինոնկար՝ 1976), 
«Կյանքիդ ժամանակը» (բեմ.՝ 1939, Նյու Յորքի քննադատների մրց., Պուլիցերի մրց., հայ. բեմ.՝ 1981), 
«Քարանձավի մարդիկ» (բեմ.՝ 1957), 
«Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» (բեմ.՝ 1942, հայկ. հեռուստատեսային կինոնկար՝ 1981), 
«Կոտորածն մանկանց» (1952, հայ. բեմ.՝ 1986), 
«Խաղողի այգին» (հայ. բեմ.՝ 1971)]: 
1942-ին ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը զորակոչվել է բանակ, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939- 1945), գրել է զինվորական սցենարներ: 

Նա պատերազմն ընկալել է որպես աղետ և այդ թեման արտացոլել է «Մարդկային կատակերգություն» (1942, հայ. հրտ.՝ 1959) վիպակում ու «Վեսլի Ջեկսոնի արկածները» (1946, հայ. հրտ.՝ 1965) վեպում: 

1950-60-ական թթ. ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում: 
Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի հիման վրա ստեղծել է հոգեբանական վիպակների շարք («Ինչ-որ ծիծաղելի բան», 1953, «Հայրիկ, դու խենթ ես», 1956, «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», 1957, «Տղաներ և աղջիկներ», 1963, «Մեկ օր հետկեսօրյա աշխարհում», 1964, ևն): 
1960-ական թթ-ից սկսած՝ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը գլխավորապես գրել է քնարերգական-ինքնակենսագրական հուշագրական ժանրի գործեր («Ահա եկավ, ահա գնաց, ինքներդ գիտեք՝ ով», 1961, «Չմեռնել», 1963, «Նամակներ Թեյբու փողոցի 74 համարից», 1969, «Վայրեր, որտեղ ես եղել եմ», 1972, «Պատահական հանդիպումներ», 1977), որոնցից հատկապես ուշագրավ են Բ. Շոուին, Չ. Չապլինին, Պ. Պիկասսոյին, Թ. Էլիոտին, Ջ. Սթայնբեքին, Ե. Չարենցին, նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության, արվեստի դերի ու կոչման, սկզբունքների ու խնդիրների վերաբերյալ: 

Երևանում ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆի անունով կոչվել են դպրոց, համալսարան: ԱՄՆ-ում գործում է գրողի անվան հիմնադրամը: 

Սարոյանի անունով Երևանում կոչել են փողոց, դպրոց և համալսարան, կանգնեցվել է հուշարձանը: 2008 թ-ին գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ ՀՀ-ում հայտարարվել էր «Սարոյանական տարի»:

Վիլյամ Սարոյան ինքն իր մասին…
   «Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»:

   «...(Սարոյանը) օժտված է մի այնպիսի ձիրքով, որ քչերն են ունենում՝ մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով: Նա մարդկանց չի դատապարտում, այլ սիրում է նրանց... Նրա բնավորության ամենաբնորոշ գիծը բարությունն է»:
Պարույր Սևակ, 
բանաստեղծ

   «Մեծերը բացառություններ են, իրենք են ստեղծում իրենց օրենքները, և հայի ոգին Սարոյանով է մտել կեցության նոր ոլորտ... Ինքը իր հռչակից մեծ է և հռչակված ուրիշներից էլ մեծ է...»:
Հրանտ Մաթևոսյան, 
   «... (Սարոյանը) թեև այլ լեզվով, թեև այլ ժանրերով, բայց վերապատմեց իր ժողովրդի մեծ էպոսը, վերապատմեց էպոսին հատուկ անհուն բարությամբ ու խաղաղասիրությամբ, մարդկային խղճի ու արդարության նկատմամբ ունեցած այնպիսի անսպառ հավատով, այնպիսի կենսահաստատ փիլիսոփայությամբ, որ նրա խոսքը XX դաժան դարի խաչմերուկներում հնչեց եզակիորեն տեղին ու ժամանակին՝ հարուցելով իրեն արժանի հիացմունք ու արձագանք»:
Վահագն Դավթյան
 
 Յուրահատուկ ուժով ու հմայքով են օժտված Սարոյանի պիեսները։ «Հե՜յ, ո՞վ կա…» պիեսում հեղինակը վանդակաճաղերի երկու կողմերի միջոցով բացահայտում է Սարոյական փիլիսոփայության (պարզ ու բարդ կողմերը)։
 Պիեսը առաջին անգամ բեմադրվել է 1942թ-ին նկարահանվել է կինոնկար։ «Հե՜յ, ո՞վ կա»-ն մինչև օրս բեմադրվում է Հայաստանյան բեմերում։
 Պիեսում վառ անհատականություն է տղան։ Նա օգտվել է կյանքի շատ «բարիքներից», ճաշակել իր կեցության դառը հետևանքները։ Հիմա էլ, ամեն պահ սպասելով դաժան հաշվեհարդարին,  փնտրվում է խղձի, բարության, առաքինության գեթ մի ստվեր` կանչելով շարունակ…«Հե՜յ  ո՞վ կա»։ Տղան ձերբակալվել է շանտաժի հետևանքով։ Այժմ էլ, ամեն պահ սպասելով վախձանին, ծանոթանում է բանտի խոհարարուհու հետ։ Աղջիկը դեռ նաղքան այդ հավատում էր տղայի անմեղությունը, գիտեր, որ ոչ մի բռնարարություն տեղի չի ունեցել, սակայն նա ևս սպասում էր անբարո կնոջ խաբված ամուսնու և նրա ընկերների վրիժառությանը։ Նրանք հասցնում են անկեղծորեն սիրահարվել, նվիրվել միմիյանց, ապագայի պլաներ կազմել, սակայն երկուսն էլ գիտակցում են  պահի վերացականությունը` փորձելով սակայն երկարացնել այն։ Հետո գալիս են նրանք, ովքեր պիտի գային։ Սպանում են տղային, տանում` հրելով աղջկան մի կողմ…Միջանցիկ գործողություններ են աղջկա հանդիպումը, սերը, տղայի` գուլպայի միջի դրամի հանձնումը աղջկան, աղջկա պատրաստակամությունը, խանութ վազելը։ Հակամիջանցիկ գործողություններ են աղջկա` ձանապարհից հետ դառնալը, վրիժառուների դատաստանը և տղայի դին տանելը։ 
 Տղայի կերպարը գունեղ է։ Նա, քաշելով կանացի ստորության պտուղները, չի դադարում հավատալ հակառակ սեռի բարությանը։ Նա կարծես անվերջ կրկնում է, «Սերը անմահ է, ատելությունն է մեռնում ամեն վայրկան»։
 Աղջկա արտաքին գորշության տակ անհուն գութ է ծվարած։ Զրկանքները, դաժան հայրը, ծանր աշխատանքը չեն կարողացել ջնջել բարությունը, խիղձը,  և որ ամենակարևորն է, հավատը կյանքի նկատմամբ։ Նա պատրաստ է Խենթության, պատրաստ է նվիրվել, սիրել…Կարծես մի հոյակապ սիմֆոնիս լինի տղայի և աղջկա երկխոսությունը` լի հարմոնիկ և կատարյալ մեղեդիներով։
  Սակայն չէր կարող պիեսը այլ կերպ ավարտվել, քան տղայի մահով  չէ՞ որ այլապես կվերանար հարմոնիան կոչնչանար կատարելության պատրանքը։

Комментариев нет:

Отправить комментарий